Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Երկու կայք` խուլ և վատ լսող անձանց համար

Երկու կայք` խուլ և վատ լսող անձանց համար

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեցին երկու վեբկայք, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով: Այս մասին տեղեկացնում են Orange-ի լրատվական ծառայությունից:

 

Փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով, և ժեստերի լեզվի առկայությունը կայքում բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:

 

«Լսողության խանգարումներ ունեցող անձանց խնդիրները շատ կարևոր են Orange Հիմնադրամի համար, և մենք երջանիկ ենք աջակցել այսօրինակ նախաձեռնություններին, որոնք ավելի հեշտ ու հետաքրքիր են դարձնում մարդկանց այս խմբի կյանքը: Երկու կայքերն էլ ունեն շատ հետաքրքիր բովանդակություն լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են այս մարդկանց խնդիրներով: Ուրախ ենք տեսնել, որ ինտերնետը կարող է դրական փոփոխություններ բերել նման խնդիրներ ունեցող անձանց կյանքում»,- հայտարարել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 

Կայքերից մեկը՝ www.deaflife.am -ը, ստեղծվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների և սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու և ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու և լսող հասարակությանն ինտեգրվելու համար:

 

Deaflife կայքի նյութերի հավաքագրմանն ու ներկայացմանն անմիջականորեն մասնակցել են ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն իրենց կարծիքներով, ցանկություններով ու առաջարկություններով:

 

Կայքը արժեքավոր է նաև նրանով, որ հասանելի է Խուլերի միավորման անդամ խուլ մեծահասակներին, մանուկներին և օգտակար է սոցիալական տարբեր խմբերի համար՝ չլսող երեխաների ծնողների, նրանց հետ աշխատող մանկավարժների և այլ շահագրգիռ աձանց՝ լսող և չլսող:

 

Մյուս կայքը՝ www.deaf.am -ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական և մշակութային առանձնահատկություններով: Այն միտված է ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկությունը, այլև խթանել լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:

 

Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային և տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման և ուսման արդյունավետությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների առօրյան, և կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. http://www.3dnews.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ